ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվ Մոսկվա եկավ թագավորը

Եվ Մոսկվա եկավ թագավորը
07.10.2017 | 14:36

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի առաջին այցը Մոսկվա պատրաստվում էր մի քանի տարի: Ռուսաստանի պաշտոնական անձինք բազմիցս ընդգծում էին այցի կարևորությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցն անվանեց նշանակալից իրադարձություն: «Վնուկովո» օդանավակայանից մայրաքաղաք ճանապարհի երկայնքով պաստառներ էին թագավորի նկարով և Ռուս-սաուդական ներդրումային հիմնադրամի ողջույնի խոսքով «Իսլամական երկու սրբատեղիների պահապանին, Նորին Մեծություն Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին»: Թագավորի հետ Մոսկվա են եկել 200 պաշտոնյաներ և մեծ ընկերությունների 85 տնօրեններ` տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Բանակցություններում հիմնական շեշտը դրվել է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի և Պարսից ծոցի գոտում իրավիճակի, պաղեստինաիսրայելյան կարգավորման վրա` հանդիպումից հետո ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Փորձագետների կարծիքով` Ռուսաստանը Սաուդյան Արաբիայից ակնկալում է մասշտաբային ներդրումներ և մեծ պայմանագրեր, այդ թվում` զենքի վաճառքի, Սաուդյան Արաբիան` Ռուսաստանից` փոփոխություններ Ռուսաստանի ու Իրանի հարաբերություններում:
Առայժմ կասկածներ կան, որ կողմերը կարող են Սիրիայի հարցում որևէ համաձայնության գալ` ասել է ռուս դիվանագետների ասոցիացիայի անդամ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ալեքսանդր Ակսենենոկը: Սերգեյ Լավրովը բանակցություններից հետո հայտարարեց, որ Էր Ռիադը դրական է գնահատում սիրիական ճգնաժամի կարգավորման ռուսական ջանքերը, իսկ Մոսկվան աջակցում է սաուդյան կողմի ջանքերը` միավորել Սիրիայի ընդդիմությանը: Սաուդյան Արաբիայի համար սիրիական կարգավորման մեջ առանցքային է Իրանի դերը: Մոսկվան ու Թեհրանը ակտիվորեն համագործակցում են սիրիական հարցում, երկու երկրներն էլ 2016-ի դեկտեմբերի զինադադարի երաշխավոր են: Նրանք համակարգում են միջսիրիական երկխոսությունը Աստանայի բանակցություններում:


«Իրանը Սաուդյան Արաբիայի ռազմավարական հակառակորդն է, այդ երկրների հարաբերությունները ճգնաժամային փուլում են: Սաուդյան Արաբիայի համար անընդունելի են Իրանի գործողությունները Սիրիայում, Իրաքում, Եմենում, Իրանի մասնակցությունը Կատարի ճգնաժամին»` հիշեցնում է ՌԴ պետական համալսարանի պատմության, քաղաքագիտության ու իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգորի Կոսաչը: Նրա խոսքով` Էր Ռիադը ձգտում է Թեհրանին հանել սիրիական հարցի կարգավորումից: ՙՍաուդյան Արաբիան կցանկանար, որ Իրանը դադարեր նյարդայնացնող գործոն լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նրան անհանգստացնում են ռուսական զենքի մատակարարումները Իրանին, Ռուսաստանի կողմնակիցների գործողությունները Սիրիայի տարածքում` առաջին հերթին «Հըզբոլլահի»: Թագավորի այցը կոչված է փոխել ռուսական դիրքորոշումը Իրանի նկատմամբ՚` ասում է Գրիգորի Կոսաչը: «Սաուդցիները հասկանում են, որ չի կարելի Ռուսաստանին ու Իրանին դաշնակիցներ համարել Սիրիայի հարցում` մենք տարբեր պատկերացումներ ունենք, թե ինչպիսին է լինելու Սիրիայի ապագան: Մենք ունենք ռազմավարական տարակարծություններ և սաուդցիները հասկանում են»` կարծում է Ակսենենոկը:


Մոսկվան ու Էր Ռիադը դեռ խորհրդային ժամանակներից ընդդիմախոսներ են կարևորագույն հարցերում, բազմիցս ձեռնարկվել են համաձայնության գալու փորձեր, բայց մինչև հիմա չի հաջողվել մերձեցնել դիրքորորոշումները նավթի ու զենքի մատակարարումների հարցում` ասում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Коммерсант-ի տվյալներով` բանակցությունների արդյունքներից է կախված զենքի վաճառքի 3 միլիարդ դոլարի պայմանագրերի հեռանկարը: Պայմանագրերը նախատեսում են նաև Էր Ռիադին զենիթահրթիռային С-400 Տրիումֆ համակարգերի վաճառք: «Իբր բանակցելու են С-400-ների վաճառքի մասին, բայց Ռուսաստանն արդեն С-300-ներ է վաճառել Իրանին: Ստացվում է` Մոսկվան զենք է մատակարարում երկու երկրներին, որ եթե հակառակորդներ չեն, համենայն դեպս, բարդ հարաբերություններ ունեն»` համաձայնագրի հնարավորությունը հոռետեսորեն է գնահատում Մալաշենկոն: Բանակցություններից հետո РИА Новости-ն հղում անելով Sky News Arabia-ի անանուն աղբյուրներին` հաղորդեց, որ Սաուդյան Արաբիան պայմանավորվել է Ռուսաստանից С-400-ներ գնել: Պաշտոնապես նման պայմանագրի մասին չհաղորդվեց: Զենքի շուկայում նախկինում Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ գործարքներ չի ունեցել: Թագավորությունը զենք գնում է հիմնականում ԱՄՆ-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Էր Ռիադ այցից հետո Սպիտակ տունը հաղորդեց, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի 109,7 միլիարդ դոլարի զենք:


Հինգշաբթի օրվա բանակցություններից հետո ստորագրված փաստաթղթերի թվում էր պայմանագիրը "Рособоронэкспорт"-ի ու Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերական ընկերությունների միջև «ընդհանուր պայմաններ Սաուդյան Արաբիայի թագավորությունում Կալաշնիկովի АК-103 ինքնաձիգների և տարատեսակ նշանակության փամփուշտների արտոնագրված արտադրության մասին»` նշված է Կրեմլի կայքում:
Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի ամենակարևոր ընդհանուր շահերը նավթի ու նավթաքիմիայի ոլորտում են: Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում և առաջատարը նավթ արտահանող երկրների կազմակերպությունում` ՕՊԵԿ-ում: Երկու երկրներն էլ աշխատում են նավթի արդյունահանման նվազեցման «ՕՊԵԿ +» ծրագրի շրջանակներում, որ կնքել են կազմակերպության անդամ և ոչ անդամ պետությունները: 2017-ի մայիսին ծրագիրը երկարացվեց մինչև 2018-ի մարտ: Նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպման նախօրեին ասաց, որ նրա հետ քննարկելու է համաձայնագրի երկարացման հնարավորությունը: Ռուսաստանն արդեն իր շահաբաժինը ստացել է այդ համաձայնությունից, որի կատարումը 2016-ին նավթի գնի մեկ երրորդով բարձրացում է բերել, արդյունքում ռուսական բյուջեն լրացուցիչ ստացավ 700 միլիարդից 1 տրիլիոն ռուբլի` ասաց ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Ռուս պաշտոնատար անձինք հայտարարեցին Սաուդյան Արաբիայից մեծ ներդրումների մասին` Էր Ռիադը պատրաստ է ռուսական նախագծերում 10 միլիարդ դոլարի ներդրում անել Public Investment Fund (PIF) անկախ հիմնադրամի միջոցով: Այդ հիմնադրամն արդեն ռուսական տնտեսության մեջ 1 միլիարդ դոլարի ներդրում է արել` ասել են ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամից: Ֆինանսավորվել են նավթաքիմիան, էներգետիկան, ինֆրակառույցները: Սաուդյան Արաբիայի թագավորի այցի ժամանակ ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը ծրագրում է 2 միլիարդ դոլարի համաձայնագիր կնքել: PIF-ը հայտարարել է «Ռոստեխ Սիթիի» նախագծում ներդրումների մասին, որ կառուցվում է Տուշինոյի նախկին օդակայանի տարածքում: Քննարկվում են 25 համատեղ նախագծեր: Ռուսական ընկերությունները մտադիր են այցը օգտագործել իրենց նպատակներով: «Ռոսնեֆտը» պատրաստվում է Saudi Aramco-ի` աշխարհի խոշորագույն նավթային ընկերության հետ նավթի համատեղ առևտուր համաշխարհային շուկաներում: Նովակը նավթաքիմիան անվանեց երկու երկրների համագործակցության ամենահեռանկարային ուղղությունը: СИБУР-ը, Saudi Aramco-ն ու РФПИ-ն կստորագրեն համաձայնագիր, որի շրջանակներում СИБУР-ը կարող է մտնել Սաուդյան Արաբիայի նավթաքիմիայի շուկա: Ծրագրվում է Էներգետիկ ներդրումային հիմնադրամի ստեղծում 1 միլիարդ դոլար դրամագլխով, որը ներդրումներ կանի բարձրտեխնոլոգիական էներգետիկ ընկերություններում նավթային ու ընթացիկ ծառայությունների ոլորտում:


ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը մերձավորարևելյան հիմնադրամների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիայի անկախ հիմնադրամը, մտադիր է համաձայնագիր ստորագրել, որի շրջանակներում Էր Ռիադը կարող է գումարներ ներդնել ռուսական 3 ենթակառույցների նախագծերում` Մոսկվայում Կուտուզովի պողոտայի փոխարինողի շինարարությունը, Սանկտ Պետերբուրգում արագընթաց տրամվայի գծի շինարարությունը և «Օդինցովոյի հյուսիսային շրջանցում» Մ-1 վճարովի, արագընթաց ավտոմայրուղու հատվածի շահագործումը: Կստեղծվի նաև ռուս-սաուդական ներդրումների պլատֆորմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Խոսքը վենչուրային ներդրումների մասին չէ, այլ արդեն զարգացող ընկերությունների, այդ թվում` «Յանդեքսի»` ասել է ՈՒղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Իրանի հարցում Ռուսաստանին փոխշահավետ պայմանագրերի ու միլիարդանոց գործարքների առաջարկներով «գնելու» փորձեր նախկինում էլ եղել են` հիշեցնում է Ակսենենոկը: «Բայց Ռուսաստանին Իրանի հետ կապում է ավելին, քան փոխգործակցությունը Սիրիայում` Ասիան, Կասպիականը, ՇՀԿ-ն, և սաուդցիները սկսում են դա հասկանալ»` ասում է նա: «Այս ամենը` պայմանագրեր ու ներդրումներ, ուղղված են Իրանի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա ներգործելուն»` կարծում է Կոսաչը։ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կլինի մինչև հոկտեմբերի 7-ը։
BBC


Հ.Գ. Սաուդյան Արաբիայի թագավորի Մոսկվա այցին ամենաուշադիրը, թերևս, Թեհրանն է հետևում, հետո` Անկարան, հետո` Թել Ավիվը: ՈՒ այդ շարքում են հաստատ ԱՄՆ-ը, Պարսից ծոցի երկրները, Իրաքը և այլ պետություններ: Այսինքն` ՌԴ նախագահը հերթական քայլն արեց, որ բոլոր պայմանավորվածությունների կատարման դեպքում, իրավիճակ է փոխում: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմ է Իրանի և վեցնյակի միջուկային համաձայնագրին և հույս հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս չի գա համաձայնագրից: Սա ազդանշան էր Թեհրանին, որ հիմնարար պայմանավորվածությունները քննարկման ենթակա չեն: Իսկ այն, որ Մոսկվան С-300-ներ է վաճառել Իրանին, ուրեմն չի կարող Սաուդյան Արաբիային С-400-ներ վաճառել, որովհետև Սաուդյան Արաբիան ու Իրանը ոչբարեկամական հարաբերություններ ունեն, միֆ է: Մոսկվան ունի այդ փորձը` զենք վաճառել կոնֆլիկտի կողմերին: Առավել ևս, որ վերջին մեկ տարում զենքի վաճառքի եկամուտները նվազել են: Բայց այդ պայմանագրով ստեղծվում են բազում քաղաքական հարցեր` թե Իրանի, թե ԱՄՆ-ի, թե Թուրքիայի հետ հարաբերություններում: Պատկերը սկսում է փոխվել, դեպի ո՞ւր: Ոչ ոք չի կարող առայժմ ասել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ